Special Olympics Armenia

En Am





Պատմություն

ՀԱՏՈՒԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ ՇԱՐԺՈՒՄԸ

 

<<Հատուկ Օլիմպիադաներ>> շարժումը տրամադրում է սպորտային մարզումներ և մրցումներ մտավոր սահմանափակումներով երեխաներին ու մեծահասակներին` խթանելով վերջիններիս սոցիալական ներգրավումը: Շարժումը ստեղծվել է 1968թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու քրոջ` Յունիս Քենեդի Շրայվերի, կողմից: Ներկայումս <<Հատուկ Օլիմպիադաներ>> շարժման մեջ, որը մտավոր սահմանափակումներով անձանց աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր հասարակական շարժումն է, ներգրավված է ավելի քան 3.5 մլն մարդ 180 երկրներից, ներառյալ Հայաստանից:

 

1988թ. XV Ձմեռային Oլիմպիական խաղերի ժամանակ Հատուկ օլիմպիադաների և Միջազգային օլիմպիական կոմիտեի միջև ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի ՀՕ-ին իրավունք ընձեռվեց կրել <<Օլիմպիադաներ>> հեղինակային անվանումը:

 

 

 

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՕ-ն գործում է այն սկզբունքով, որ շարունակական մարզումները և սպորտային միջոցառումները հնարավորություն են տալիս առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մասնավորապես մտավոր սահմանափակումներով մարդկանց բացահայտել ու զարգացնել իրենց ընդունակությունները, ձեռք բերել նոր ընկերներ, նպաստում են նրանց ֆիզիկական և սոցիալական բարեկեցությանը, նրանց ընձեռում անկախության, կամքի դրսևորման և նվաճումների հասնելու ձգտում:

 

Այս ամենը նպաստում է անհատի ինքնագնահատականի բարձրացմանն ու լիարժեք ինքնադրսևորմանը, ինչպես և մտավոր սահմանափակումներով անձանց ինտեգրմանը հասարակության շարքերը և հասարակության իրազեկության բարձրացմանը վերջիններիս կարողությունների և ներուժի մասին:

 

ՀՕ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև ընտանիք-երեխա, երեխա-հասարակություն կապերի ամրապնդմանը, ինչը բարձրացնում է հասարակության հարգանքն ու ճանաչողությունը վերջիններիս նկատմամբ:

 



Մարզիկներ եւ կամավորներ| Ինչ կարող եք անել| Հետադարձ կապ
All copyrights reserved.
Developed by Studio One